Հունվ․ 27, 2026, 18։00

Խորը ունկնդրում Արամ Հովհաննիսյանի հետ

Ստուդիո 20

Հունվարի 27֊ին ժամը 18:00֊ին Սոնիկ լաբորատորիայի շրջանակներում հրավիրում ենք ձեզ Ստուդիո 20` Արամ Հովհաննիսյանի հետ խորը ունկնդրման, որի ընթացքում կլսենք երկու ստեղծագործություն` Նուրաիլ և Լարային կվարտետ թիվ 1։

Նուրաիլ ալտ-ֆլեյտայի մենակատարի համար (2021) 7’
(Պատվիրված է Մոնտե-Կառլոյի գարնանային արվեստի փառատոնի կողմից, Մոնակո)

Նուրեիլը գրվել է «Sept, les Anges de Sinjar» բալետի շրջանակներում, որի պրեմիերան տեղի է ունեցել Մոնտե-Կառլոյի գարնանային արվեստի փառատոնում 2022 թվականին: Ստեղծագործությունը հիմնված է եզդիական դիցաբանության վրա, որը Նուրեիլին պատկերում է որպես հրեշտակներից մեկը: Երաժշտությունը մեդիտատիվ է, ձևավորված շնչառության նրբերանգներով և ոգեշնչված ավանդական ֆլեյտայի, ինչպիսիք են նեյի, սակուհաչիի և այլ տեղական փողային գործիքների իմպրովիզացիոն բնույթով: Վիրտուոզ ժեստերը և մոնոդիկ գծերը բացահայտվում են շնչառության և լռության միջոցով, թույլ տալով, որ գործիքն արտացոլի ֆլեյտայի ավանդույթի ողջ ոգին և արտահայտիչ բնույթը:

Լարային քառյակ թիվ 1 երկու ջութակի, ալտի և թավջութակի համար (2024-25) 13’
(Պատվիրված է Մովսես Պողոսյանի և UCLA-ի հայկական ծրագրի կողմից, ԱՄՆ)

Աշոտ Զոհրաբյանի հիշատակին գրված լարային քառյակը կառուցված է որպես փոխկապակցված դրվագների շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բնույթը` միաժամանակ պահպանելով ամբողջ ստեղծագործության հիմքում ընկած լարվածության զգացողությունը: Առաջին դրվագին բնորոշ են դրամատիկ ինտենսիվությունը և փոփոխվող տեքստուրաները, որոնք ստեղծում են լարվածության և անհանգստության մթնոլորտ: Այստեղ ներկայացված մոտիվները վերադառնում են ավելի ընդարձակ ձևով՝ զարգանալով և ծավալվելով ստեղծագործության հաջորդ հատվածներում: Հաջորդ դրվագում ի հայտ է գալիս խաղաղ և կասեցված մթնոլորտ, որը պարբերաբար նրբորեն ընդհատվում է պարբերաբար արտահայտիչ ժեստերով և նուրբ փոփոխություններով: Այս վիճակին հաջորդում են կենսունակ էներգիայի հատվածներ` արագ, անհանգիստ շարժմամբ և շարունակական հրատապության զգացումով: Աստիճանաբար երաժշտությունը վերածվում է դանդաղ, կասեցված տարածության, որը ձևավորվում է հարմոնիկ փոխակերպումներով, որոնք դանդաղ և հաստատուն կերպով ծավալվում են դեպի խորհրդածական անշարժություն: Վերջաբանը եզրափակում է ստեղծագործությունը սիմետրիկ ռիթմիկ կառուցվածքով և աստիճանական հարմոնիկ զարգացումով՝ հանգիստ, համառ լարվածությամբ:

Արամ Հովհաննիսյանը հայ միջին սերնդի առաջատար կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները պատվիրվում և կատարվում են միջազգային հեղինակավոր փառատոններում: Հովհաննիսյանի երաժշտական մտածողությունը ձևավորված է պոստ-սպեկտրալ գեղագիտության շրջանակում։ Այն առանձնանում է հագեցված արտահայտչականությամբ և ինտենսիվությամբ՝ ժեստերի ու գույների բազմաշերտ համադրումներով, խիտ հարմոնիկ կառուցվածքների ու մոնոդիկ տարրերի զուգակցությամբ: Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, Արամ Հովհաննիսյանը հանդիսանում է «Խաչմերուկներ» միջազգային փառատոնի և «Ասոնանս» անսամբլի գեղարվեստական ղեկավարը: