Հունիսի 2, 2024
Կարինա Ղազարյան
Գետամեջի Կացարան
Հունիսի 2-ին ժամը 16:00-ից հրավիրում ենք Գետամեջի արվեստի կեցավայր՝ ունկնդրելու Կարինա Ղազարյանի ձայնային գործերը հեղինակի կատարմամբ եւ մասնակցելու ուղիղ ռադիոհեռարձակմանը, ինչպես կոլեկտիվ ընթրիքին եւ հանգստին։
//
Կարինա Ղազարյանը հնչյունային արտիստ է, երաժիշտ և պրոդյուսեր։ Նա ծնվել է Վրաստանում հայկական ընտանիքում 1988 թվականին, մանկությունն անցկացրել է Սիբիրի Օմսկում, որտեղ Կարինան ավարտել է Օմսկի երկաթուղային ճարտարագիտության պետական համալսարանը՝ էլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկայի մասնագիտությամբ: Կարինան տեղափոխվել է Մոսկվա 2010 թվականին և սկսել է գրել և թողարկել էլեկտրոնային երաժշտություն KP Transmission կեղծանունով: Այս պահին Կարինան աշխատում և ապրում է Երևանում, Հայաստան։
Էքսպերիմենտալ էլեկտրոնային երաժշտության նկատմամբ Կարինայի մոտեցումն ի սկզբանե ազդված է տարբեր noise ռոքի, ինդուստրիալ, փանկ և պոստ-փանկ երաժշտությունից: Նրա մշուշոտ ու անհարթ ստեղծագործությունները հնչում են պղտոր ու ֆիլմային և հաճախ պարունակում են անհանգստության և մշուշոտ մթնոլորտի անորոշ զգացում: Դրանք ստեղծվում են անալոգային սինթեզատորներից և դաշտային ձայնագրություններից՝ լքված նավահանգիստների, նավերի և շինարարական աշխատանքների կամ կենցաղային տարբեր ելևէջների մոնումենտալ բզզոցներից: Նույնիսկ ռիթմի հատվածը երբեմն բաղկացած է գտնված հնչյուններից և կարող է վերստեղծել մեղեդի: Կարինան սիրում է նաև օգտագործել ակուստիկ գործիքների նմուշներ, ինչպիսիք են թավջութակը, ալտը կամ դաշնամուրը: Երբեմն նա օգտագործում է բաս կիթառ և սեփական վոկալը, հատվածներ ֆիլմերից կամ հարցազրույցներից, ինչի արդյունքը կարելի է բնութագրել որպես խելացի աղմուկ, որը բնորոշվում է lo-fi ձայնատեսարաններով, ընդհատվող արդյունաբերական ռիթմերով, հիպնոսային սինթեզատորներով և ընդհանուր մագնիսականությամբ:
//
Մենք կանաչեղենից ապուր և աղցաններ ենք պատրաստելու, իսկ օրվա ընթացքում միասին ճաշելու ենք: Ձեզ հետ բերեք ուտելիք և խմիչք սեղանի համար, որպեսզի միասին անցկացնենք օրը:

