Սեպ․ 24, 2026, 19։00-23։00

Ռադիո Ընթրիք Ժանետ Բրաբենեցի հետ

Ստուդիո 20

Ստուդիո 20 Կոլեկտիվը 2026թ․ սեպտեմբերի 24-ին, երեկոյան 7-ին հրավիրում է Ռադիո Ընթրիքի՝ արվեստաբան, կուրատոր, հեղինակ և ռադիո պրոդյուսեր Ժանետ Բրաբենեցի հետ։

Ժանետի՝ Երևան կատարած այցի ընթացքում կհավաքվենք Ստուդիո 20-ում՝ միասին ընթրելու, լսելու ձայնային նյութեր, ծանոթանալու նրա ռադիո և կուրատորական պրակտիկային ու զրուցելու արվեստի, հիշողության, արխիվների և մեր ժամանակի մասին։ Ժանետը կկիսվի նաեւ ռադիոյի հետ կապված իր փորձառությամբ և պատկերացումներով, իսկ մենք իրար հետ կփորձենք մտածել նաեւ ռադիոյի՝ որպես արվեստի, համատեղ գոյության, ազատության և փոխադարձ հոգատարության տարածքի մասին։

Կարո՞ղ է ռադիոն դառնալ մի վայր, որտեղ յուրաքանչյուր մարդ ոչ միայն ունկնդիր է, այլև ստեղծող։ Որտեղ կարելի է խոսել, բայց նաև լռել, որտեղ ուրիշի ձայնը կարող է դառնալ մտերմության և ներկայության զգացողություն, իսկ լսելը՝ համատեղ ստեղծագործական գործողություն։

//

Ժանետ Բրաբենեցն արվեստի պատմաբան է, համադրող, հեղինակ և ռադիոպրոդյուսեր և ապրում է Քեմնիցում և Բեռլինում: Նրա աշխատանքներն ու հետազոտությունները կենտրոնացած են Արևելյան Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի արվեստի, արվեստի պատմության և հիշողության քաղաքականության վրա՝ շեշտը դնելով արխիվների և հավաքածուների վերափոխման, ինչպես նաև հետխորհրդային երկրներում մասնավոր և հանրային տարածքների միջև փոխհարաբերությունների վրա: Մոտ 15 տարի թանգարանում աշխատելուց հետո, 2022 թվականին նա մեկնարկեց «BETRIEBSGELÆNDE» ռադիոհաղորդումը: Հաղորդումը արխիվային նյութերից և ինքնատիպ ձայներից կազմված ձայնային լանդշաֆտ է, որը ուսումնասիրում է տարածքների վերափոխման հարցերը՝ մասնավորից հանրային, Արևելքից Արևմուտք՝ բոլոր հնարավոր համընկնումներով և փոխադարձ ազդեցություններով, ինչպես նաև հասանելության քաղաքականության վերաբերյալ, ինչպիսիք են քաղաքական տարածքներին, մասնավոր հավաքածուներին և պատերազմի պատճառով անհասանելի դարձած վայրերին հասանելության կառուցվածքը:

//

Ռադիո Անտենան (սկսած 2020-ից) իրականացվում է արվեստագետների և ընկերների կողմից, այն ստեղծվել է և նվիրված է՝ պատկերացնելու և փորձարկելու ձայնի միջոցով հաղորդակցությունը բակերի, թաղամասերի, քաղաքների, Կովկասի հարևանության և մնացած աշխարհի միջև։